Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով «Զարկերակային գերճնշման դեմ պայքարի օրվա» առիթով Մոսկվայի տանն անցկացվել է գիտագործնական համաժողով։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը համաժողովի բացման իր խոսքում, կարևորելով քննարկվող հիմնախնդիրը, ընդգծել է, որ 21-րդ դարում սրտանոթային հիվանդությունները, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և, մասնավորապես, Երևանում, մնում են բարձր հիվանդացության և մահացության հիմնական պատճառը։
«Առանձնակի մտահոգիչ է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացումը, սրտանոթային բարդություններով պայմանավորված հոսպիտալացումների և հաշմանդամության աճը։ Հարկ է նկատել, որ սրտանոթային հիվանդությունների վաղ ախտորոշումը, բուժումն ու կանխարգելումը հանդիսանում են արդի բժշկության առանցքային հիմնահարցերից մեկը, և այսօր կենսական անհրաժեշտություն է բժիշկների լայն շրջանակներում այդ խնդիրների բարձրաձայնումը, հանրայնացումն ու քննարկումը», - նշել է Կամսար Բաբինյանը։
Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, հանգամանալից ներկայացնելով «Երևան քաղաքում չկարգավորված զարկերակային գերճնշման հայտնաբերման և նրա արդյունավետ հսկողությանը միտված «OCEAN» հետազոտության» նախնական արդյունքները, որոնք ևս ունեն կարևոր ներդրում վերոնշյալ հիմնախնդրի արդյունավետ լուծման հարցում, մայրաքաղաքի առաջնային օղակի բժիշկներին է ներկայացրել ժամանակակից միջազգային մոտեցումները:
«Վստահ ենք, որ ինչպես նմանատիպ միջոցառումների, այնպես էլ Երևանի առաջնային առողջապահական համակարգում աշխատող նվիրված և բանիմաց բուժաշխատողների ամենօրյա քրտնաջան ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կկարողանանք առավել արդյունավետ կազմակերպել մեր համաքաղաքացիների առողջության պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև նվազեցնել երևանաբնակների սրտանոթային հիվանդացության և մահացության ցուցանիշները», - եզրափակել է իր խոսքը Պարունակ Զելվեյանը:
Համաժողովի մասնակիցներն իրենց հերթին նկատել են, որ նման հանդիպումներն ու քննարկումները կարևոր նշանակություն ունեն առողջապահական հիմնախնդիրները կարգավորելու և լուծելու գործում: