Հասարակություն 

«Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը:

 Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ ցուցահանդեսն առաջին փորձն է՝ ներկայացնելու հեղինակային տիկնիկը՝ որպես հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն և կայացած ուղղություն, որն ընդգրկում է իր մեջ արվեստի տարբեր տեսակներ՝ քանդակ, գեղանկարչություն, դիզայն:
 «Այս ձեռնարկը, որ հենց մեր փոքրիկ համաքաղաքացիների համար է, կունենա իր շարունակությունը նաև հունիսի 1-ին: Հենց այդ օրը մեկնարկող «Երևանյան ամառ - 2016» ծրագրի մասը կկազմի նաև «Խոսող տիկնիկ» միջոցառումը, որն իսկապես սիրվեց մեր փոքրիկների կողմից, ու հենց դրա համար էլ դարձավ ավանդական», - նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Կազմակերպիչների խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ինչպես այլ երկրներում, այնպես էլ Երևանում հեղինակային տիկնիկը հուշանվերային «վերնիսաժային» կարգավիճակից անցում կատարի թանգարանայինի: Ցուցահանդեսին մասնակցում են 30 տիկնիկագործներ՝ տարբեր տեխնիկայի և ժանրի ավել քան 200 աշխատանքներով:
Ցուցահանդեսի ավարտին մասնակից տիկնիկագործները մեկական տիկնիկ կնվիրեն Արցախի երեխաներին:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 20-ը:

Նույն շարքից