Մայիսի 20-ին Նեպալի ժամանակով 08:00-ին առաջին անգամ հայուհին նվաճել է Էվերեստը: Գագաթը նվաճել է Իրենա Խարազովան, հայտնում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան:
Խարազովան վերելքը կատարել է ռուսաստանցի լեռնագնացների թիմի կազմում, որի ղեկավարն է Ալեքսանդրա Աբրամովան, որն արդեն 7-րդ անգամ է բարձրանում էվերեստի գագաթը:
«Դժվարին գիշեր էր սպասվում, առանց թթվածնի ու լրացուցիչ պարկերի` այդ գիշեր բոլոր վրաններն արդեն զբաղված էին երկրորդ խմբի անդամներով: Ժամը մեկ արթնանում էի` հաշվելով, թե որքան է մնացել մինչև վերելքը: Վաղ առավոտյան արդեն ոտքի վրա էի, մինչև նախաճաշն արդեն պատրաստ էի և ոտքերս իրենք էին կարծես առաջ գնում, չնայած բոլոր դժվարություններին»,-գրել է ֆեյսբուքյան իր էջում Խարազովան վերելքի 23-րդ օրը:
Ըստ նրա, վերելքը Էվերեստի գագաթ չի կարող համեմատվել նախորդ արշավներից ոչ մեկի հետ` ոչ տևողությամբ, ոչ հոգեբանական լարվածությամբ, ոչ էլ ֆիզիկական: