Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կարող է չեղյալ համարվել միայն 2017 թվականին, այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ դա տեղի է ունենալու 2016-ի հուլիսի 1-ին:
«Անկարան մինչև տարվա վերջ չի կատարելու անհրաժեշտ պայմանները, որոնք պարտադիր են հարցը լուծելու համար, ինչն էլ խանգարում է Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի ստորագրման գործընթացին»,-գրում է թերթը:
Պարբերականը նաև ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ կարևորագույն խոչընդոտը Թուրքիայում գործող հակաահաբեկչական օրենքներն են, որոնք ԵՄ-ի կարծիքով պետք է փոփոխության ենթարկել, սակայն Անկարան չի ընդունում այդ պահանջը:
Հավելենք, որ այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնել է Թուրքիա, որտեղ պետք է մասնացկի հումանիտար հարցերով Համաշխարհային գագաթաժողովին: Ենթադրվում է, որ նա այնտեղ մի շարք կարևոր հանդիպումներ է ունենալու: