Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Հունաստանում առկա ճգնաժամային երեւույթները կարող են հաղթահարվել ամռանը: Նման կարծիք է հայտնել Հունաստանի նոր ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը՝ իտալացի իր կոլեգա Կառլո Պադոանիի հետ հանդիպման ընթացքում:
«Հունաստանում ճգնաժամի հաղթահարումը կարելի է սպասել հունիս ամսին: Եթե Եվրոպայում բոլորը հանգստանան՝դա միանգամայն հնարավոր տարբերակ է: Երկիրը պատրաստվում է վարկատուների հետ կնքել փոխշահավեր համաձայնագրեր, որոնք հնարավորություն կտան զարգացնել տնտեսությունը, ուստի ընդամենը մի քանի ամսում բոլորը կնկատեն արդյունքը»,-նշել է նախարարը:
Միաժամանակ նա հայտնել է, որ առաջիկայում հանդիպում կունենա Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի ու Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգամ Շոյբլեի հետ:
Հիշեցնենք, որ Հունաստանի ֆինանսների նախարարը պաշտոնական այց է իրականացնում եվրոպական երկրներում՝ հունական ճգնաժամի հաղթահարման նոր հեռանկարների որոնման նպատակով: Նախօրեին նա հանդիպում էր ունեցել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի հետ:
Հունաստանին տրամադրվող վարկային պայմանագիրն երկարաձգվել է մինչեւ փետրվարի 28-ը, իսկ Միջազգային վալյուտային ֆոնդը նախատեսում է Հունաստանի վերավարկավորումն իրականացնել մինչեւ 2016թ.-ի մարտը:
Սակայն, Հունաստանում իշխանության եկած նոր կառավարությունը հրաժարվել է հին պայմանագրից ու հայտարարել նոր փոխշահավետ վարկային պայմանագրերի ստորագրման իր մտադրության մասին: