Այսօր՝ մայիսի 24-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ ինքը երբեմն անհարմար է զգում, երբ այս կամ այն պատգամավորին խնդրում է եվրոպական երկիր մեկնել ոչ թե մեկ կանգառով, այլ դա անել որևէ այլ երկրի միջոցով, որովհետև տոմսերի գների տարբերություն կա. «Հասկանում ենք, որ դա անհարմարություններ է ստեղծում, սակայն այդկերպ մենք հնարավորություն ենք ունենում գումար խնայել»:
Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ ԱԺ փոխնախագահները, հանձնաժողովի նախագահները անցած տարի չեն օգտվել բիզնես դասի տոսմերից. «Նրանք երբեմն նույնիսկ առաջին տեղերից չեն օգտվել և նստել են օրինակ 17-րդ շարքում: Աշխատանքները միշտ կատարվել են և կատարվելու են»:
Ինչ վերաբերում է կրճատումներին, Թովմասյանն ասաց, որ դա երբեք չպետք է ինքնանպատակ լինի, պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է դրվում և դրա համար ինչպիսի կառուցվածք է պետք. «Արդեն խոսվել է այն մասին, որ այդ կրճատումները պետք է սահուն լինեն: Պետք է ասեմ, որ ինձ համար շատ դժվար է նույնսիկ տեխնիկական աշխատողին՝ լինի այգեպան կամ հավաքարար, աշխատանքից ազատելը, և դա այն դեպքում, երբ վերջինս 80 տարեկան է»,-ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է հասկանալ, թե ինչպես է ճիշտ կատարել սպասվելիք կրճատումները: