Հասարակություն 

Հովիկ Աբրահամյանը մրցանակներ է հանձնել դպրոցական ինժեներական ծրագրի հաղթողներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն մայիսի 24-ին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում անցկացված «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով ծրագրի մրցանակաբաշխությանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավելելով. «Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ամփոփիչ ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններին, ապա պատվոգրեր հանձնել լավագույն աշխատանքների համար 12 առաջին տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին և դյուրակիր համակարգիչներ (նոութբուքեր)՝ աշակերտներին: 12 երկրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին պլանշետներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության ն ախարար Լևոն Մկրտչյանը, իսկ 12 երրորդ տեղն զբաղեցրած դպրոցների տնօրեններին պատվոգրեր և աշակերտներին թվային հեռախոսներ է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ծրագրի շրջանակում աշխատանքներ ներկայացրած մյուս դպրոցների տնօրեններն ու աշակերտները ևս արժանացել են պատվոգրերի և խրախուսական մրցանակների:

Վարչապետը ողջունել է դպրոցականների ներուժի բացահայտմանն ու խրախուսմանն ուղղված նմանատիպ միջոցառման կազմակերպումը և ընդգծելով տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կարևորությունը երկրի զարգացման գործում՝ հորդորել է աշակերտներին լավ սովորել և գիտելիք ձեռք բերել:

 

Նույն շարքից