Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երկապահ կամավորական միության պատվիրակությանը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկրապահ կամավորականների մեծ ներդրումը Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակում, ինչպես նաեւ զինադադարից հետո նրանց պարբերաբար այցելությունների եւ ազատամարտիկների ու դիրքապահ զինվորների հետ մշտական կապ պահպանելու գործում:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ երկրապահները մշտապես պատրաստակամ են իրենց մասնակցությունը ունենալ Արցախի պաշտպանությանն ու շենացմանը: Ուստի, Մ. Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր հայ պետք է իր նպաստը բերի հայրենիքի այս հատվածի բարգավաճման գործին՝ Արցախը դիտարկելով որպես Հայաստանի հարատեւման երաշխիք:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ սահմանին տիրող իրադրության եւ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: