Հասարակություն գլխավոր 

Պատգամավորը շարունակում է աղմկել, իսկ լրագրողի փաստաբանին ՀՔԾ-ն արգելել է տեղեկություններ տրամադրել լրատվամիջոցներին. newsbook.am

Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, այսպես կոչված, հակամարտությունը նոր փուլ է մտել։

Ժամանակ առաջ NewsBook-ը գրեց, որ սույն գործն ունի հետաքրքիր այլ շերտեր: «Պատմության չերևացող մասն ավելի հետաքրքիր է, քան պատգամավորի՝ շորթման հայտարարությունը» վերտառությամբ հոդվածում նշվում էր, որ մինչ պատգամավորի շորթման մասին հայտարարությունը, կայքի խմբագրին հանդիպել և սպառնացել է Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Այսօր արդեն Անի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ և անուններ հայտնել։

Նա նշել է, որ շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է։

Իր հերթին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է լրագրողին՝  վերջում հավելելով, որ ՌԴ դեսպանը շուտափույթ հանդես կգա հայտարարությամբ և պարզաբանմամբ իր Անիին առնչվելու մասին:

NewsBook-ը կապ հաստատեց Անի Հովհաննիսյանի փաստաբան Հայկ Սարգսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք կայքի խմբագիրն իր ցուցմունքներում նշել է` ե՞րբ և ի՞նչ պայմաններում է իրեն սպառնացել Ռուսաստանի դեսպանը: Փաստաբանը հայտնեց, որ նախաքննության տվյալների հրապարակման արգելք է դրված և ինքը չի կարող որևէ տեղեկություն հաղորդել այդ մասով:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Հատուկ քննչական ծառայություն, որտեղից մեզ նախ հորդորեցին բացատրել, թե ինչ է նշանակում արգելք։ Մենք փոխանցեցինք, որ հիշյալ մեկնաբանությունը մեզ տվել է փաստաբանը, սակայն իրավապահ մարմնում շարունակեցին պնդել, որ չեն հասկանում հարցը և խնդրեցին այն ուղղել գրավոր: NewsBook-ը գրավոր հարցում է ուղարկել այս կառույցին, պատասխանը ստանալուն պես այն կներկայացնենք:

Հ.Գ. Ըստ էության` հասարակական լայն հնչեղություն ստացած գործում իրար դեմ են դուրս եկել պատգամավորը և լրագրողը: Երկուսն էլ իրենց հերթին նշում են, որ սույն գործում կան էլ ավելի ազդեցիկ դեմքեր: Բայց մինչ Տիգրան Ուրիխանյանին թույլատրված է բազմապիսի հայտարարություններ անել` օգտագործելով անգամ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը, Անի Հովհաննիսյանի դեպքում արգելք է դրված տեսակցությունների, ինչպես նաև քննության մասով մեկնաբանություններ տալու մասով: Ստացվում է երկու ամենահանրային կառույցների ներկայացուցիչները` պատգամավոր ու լրագրող, հայտնվել են անհավասար պայմաններում: Մեկն ասում է այն, ինչ խելքին փչում է, մյուսը չի կարողանում հակադարձել կամ իր հերթին ասել այն, ինչ կարևորում է: Սա շատ կարևոր հանգամանք է, թերևս այս պահին ամենակարևորներից մեկը, որովհետև մի կողմի աղմուկ-աղաղակը, մյուս կողմին պարտադրված լռությունն արդեն հենց այս` նախնական փուլում, կասկածի տակ են դնում քննչական գործողությունների անաչառությունը:

Նյութի աղբյուրը ` newsbook.am

Նույն շարքից