Հասարակություն 

Լևոն Մկրտչյանն ավարտված է համարում ՀՀ կրթության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մայիսի 25-ին աշխատանքային այցով եղել է Աշտարակում և մասնակցել Արագածոտնի մարզի դպրոցների տնօրեններ ի տարեվերջյան խորհրդակցությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարն իր ելույթում անդրադարձել է կրթական ոլորտում սպասվող փոփոխություններին՝ հիմնական շեշտը դնելով հանրակրթության բովանդակային խնդիրների վրա:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Լ. Մկրտչյանի խոսքով՝ կրթության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունները կարելի է համարել ավարտված և հերթն այժմ կրթական ծրագրերին նոր բովանդակություն և որակ հաղորդելունն է:

Անդրադառնալով ավագ դպրոցների կայացման խնդրին՝ նախարարն ընդգծել է. «Այդ ուղղությամբ կարևոր քայլերից մեկը կրեդիտային համակարգի ներմուծումն է, որն իր հերթին կկարգավորի կրթության շղթայի արդյունավետ աշխատանքն ու բնականոն գործունեությունը»,- նշել է Լ. Մկրտչյանը և մանրամասնել, որ նման համակարգը հնարավորություն կտա որոշ առարկաներից ստացած կրեդիտները տեղափոխել բուհ:

Նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցի կրթական ծրագրի բեռնաթափումը՝ նշելով, որ գործող ծրագիրը ոչ միայն չի ապահովում սահուն անցում կրթության հաջորդ աստիճան, այլև ընդգծված չեն մասնագիտական ուղղությունները:

ԿԳ նախարարն անդրադարձել է դպրոցական ծրագրի առարկայախմբերին, նշելով, որ դպրոցական համակարգում նախընտրած դասաժամերի ծավալը պետք է չլրացվի մեկ այլ առարկայախմբի հաշվին: Այս համատեքստում ըստ նախարարի՝ պետք է գտնել լավագույն ոսկե միջինը բոլոր առարկայախմբերի համար: Այս պահանջը, որպես գերակա խնդիր դրված է չափորոշիչներ մշակող մասնագիտական խմբի առջև:

Կրթական նոր ծրագրի կառուցվածքում Լ. Մկրտչյանը կարևորել է պարտադիր առարկայական ժամաքանակների առկայությունը, ընդգծելով, որ շեշտը պետք է դրվի բնագիտական ուղղվածության մեծացման վրա: Լ. Մկրտչյանը նշել է, որ այս նպատակով կմշակվեն բնագիտական առարկաների պահպանման և զարգացման նոր մեխանիզմներ:

Նախարարն իր խոսքում առանձնակի կարևորել է գյուղական դպրոցների տնօրենների հանրային դերը՝ շեշտելով, որ այդ կերպարը պետք է լինի տվյալ համայնքում բացառիկ հարգանք վայելող անձնավորություն:

Պատասխանելով խորհրդակցության մասնակից տնօրեններից մեկի հարցին՝ նախարարը նշել է, որ տնօրենների հավաստագրման, մանկավարժների տարակարգերի տրամադրման և ատեստավորման գործընթացներում կլինեն էական փոփոխություններ, որոնց վերաբերյալ կծավալվեն նաև մասնագիտական քննարկումներ:

Անդրադառնալով բուհական համակարգում պետական պատվերով կրթություն ստանալու հնարավորություններին՝ նախարարը համաձայնվել է այն դիտարկմանը, որ գործող համակարգը սոցիալական իմաստով խնդիրներ է ունի և պետք է կարգավորվի օրենսդրական ճանապարհով. «Պետք է սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ապահովել: Պետությունը պետք է ստեղծի բոլորին հասանելի համակարգ: Սա կրթության համակարգ նոր հոսք կբերի, այն հոսքը, որ մշտապես եղել է մեր ազգային կենսունակության աղբյուրը: Սա նաև նոր որակ կապահովի նախ բարձրագույն կրթության, ապա նաև մեր երկրիզարգացման համար»,- շեշտել է նախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է դպրոցների ֆինանսավորման, տարիֆիկացիայի, բյուջեի ձևավորման, ինչպես նաև կառավարման խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը կոչ են արել տնօրեններին առաջիկա Վերջին դասի միջացառումների կազմակերպման ժամանակ զերծ մնալ անհարկի շքեղությունենրից և առաջնորդվել օրվա խորհրդի տրամաբանությամբ»:

 

Նույն շարքից