Հայաստան Քաղաքական գլխավոր 

Սերժ Սարգսյանը Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահին ներկայացրել է շփման գծի իրավիճակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում եւ նշել, որ ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլի 5-7-ը Գերմանիա կատարած իր այցն ու անմիջականության եւ փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգն ու փոխգործակցության զարգացման հեռանկարները: Երկկողմ կապերի ամրապնդման տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ տիկին Բուլմանի ներկայիս այցը եւ ընդգծել միջխորհրդարանական համագործակցության դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը եւ շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին:

Բարձրաստիճան հյուրն իր հերթին նշել է, որ Գերմանիայի Բունդեսթագը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ խորհրդարանական կապերի ամրապնդմանը եւ փոխգործակցության զարգացմանը: Անդրադառնալով ՀՀ նախագահի Գերմանիա կատարած այցին՝ տիկին Բուլմանն ընդգծել է, որ այն մեծ արձագանք է գտել իր երկրում, եւ ԳԴՀ ղեկավարության հետ ՀՀ նախագահի բանակցությունները բավականին օգտակար ու արդյունավետ են եղել՝ նոր լիցք հաղորդելով հայ-գերմանական հարաբերություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներին եւ շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձեւին, որի ընդունումը, նախագահի խոսքով, ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, եւս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին եւ անցյալից դասեր քաղել:

Բունդեսթագի փոխնախագահը մեծապես կարեւորել է իր երկրի խորհրդարանում նման քննարկումները եւ ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի էությունն ու նպատակը: Տիկին Բուլմանը ՀՀ նախագահից հետաքրքրվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հեռանկարի եւ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերի մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է առկա իրավիճակը եւ հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Նույն շարքից