Միջազգային Հասարակություն 

Լուկաշեւիչ. Կոչ ենք անում հակամարտող կողմերին զերծ մնալ քայլերից, որ հանգեցնում են հակամարտության սրմանը

Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրացման կապակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 «Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է շատ բարդ իրավիճակ։ Ինչպես և նախկինում մեծ է հրադադարի խախտման դեպքերի քանակը, հաճախակիացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը»,- նշել է Լուկաշևիչը։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության տեղեկությունով, որը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, միայն այս տարվա հունվար ամսվա ընթացքում հակամարտության գոտում զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 18-ը։ «Հասկանալի է, որ զոհերի փաստացի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել»,- ասել է Լուկաշևիչը։

Պաշտոնյան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում, որն արվել է 2015թ. հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո, կա «դիմում հակամարտության բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը։

Այսօր համանախագահները Մյունխենում հանդիպելու են Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, ում հետ նույնպես կքննարկվի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը։

 «Խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը, կոչ ենք անում խուսափել այն քայլերից, որոնք հանգեցնում են հակամարտության սրմանը»,- ասել է Լուկաշևիչը։

 

Նույն շարքից