Այսօր՝ մայիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ու հոգեբարձուների 25-րդ համատեղ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցի ընթացքում Արցախի նախագահի քարտուղար Դավիթ Բաբայանը, խոսելով Հանրապետության իշխանությունների այն որոշման մասին, որի համաձայն Թալիշի և Մարտակերտի բնակիչները բնակեցվելու են այլ տարածքում, ասաց, որ այս պահին երկու կարևորագույն հարց կա լուծելու՝ իրենց տները լքած քաղաքացիների անվտանգության ապահովում և Արցախում նրանց պահելը:
Ինչ վերաբերում է ադբրջենական կողմի այն մեղադրանքներին, թե հայկական կողմը քիմիական զենք է օգտագործել, Բաբայանն ասաց, որ Բաքուն փորձում է այդկերպ քողարկել իր կողմից կատարած հանցագործությունները, մասնավորապես քիմիական զենք կիրառելու դեպքերը: Բաբայանի խոսքերով, ադրբեջանական իշխանությունները նման զենք օգտագործել են դեռ խորհրդային տարիներին, ինչի արդյունքում էլ Արցախի բնակչության շրջանում 80-ականների վերջին խիստ մեծացել էր քաղցկեղով հիվանդ մարդկանց թվաքանակը: Նա հիշեցրեց, որ 1990 թվականին հակառաորդը թունավորել է Ստեփանակերտի ջրային ցանցը, իսկ ավելի ուշ՝ նաև Շուշիի:
Արցախի նախագահի քարտուղարը խոսեց նաև Ադրբեջանում միջազգային մակարդակով միջոցառումներ անցկացնելու մասին՝ նշելով, որ այդկերպ միջազգային հանրությունը թև է տալի մի պետության, որը զինվոր է գլխատում և պարծենում դրանով,մի պետության, որը հերոսացնում է քնած զինվորին կացնահարողին՝ այսպիսով սանձազերծելով ագրեսիայի նոր դեպքերը: