Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են անցյալ տարվա դեկտեմբերին կործանված AirAsia ավիաընկերության ինքնաթիռի երկու օդաչուների մարմինները։
Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության տեղեկությունների համաձայն՝ մարմինները հայտնաբերվել են օդանավի խցիկում, ընդ որում՝ նրանցից մեկը՝ ղեկանիվի հետեւի նստատեղին։ Միաժամանակ, ինչպես նշում են մասնագետները, հայտնաբերված մարմինները չեն կարող հաստատել ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, որ անձնակազմի ղեկավարը վթարից մի քանի րոպե առաջ լքել է իր տեղը, իսկ ինքնաթիռի կառավարումն իր վրա է վերցրել երկրորդ օդաչուն, գրում է ՏԱՍՍ-ը։
Որոնողափրկարական գործակալության ղեկավար Բամբանգ Սոլիսթին նախօրեին կրկին նշել է, որ ավիավթարի զոհերի որոնման աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հայտնաբերվել է 98 դի։ Նշենք, որ օդանավում եղել է 162 մարդ, որոնց թվում՝ անձնակազմի 7 անդամ։