Հունիսի 2-ին տեղի ժամանակով ժամը 11:10-ին Գերմանիայի Բունդեսթագը կսկսի քննարկել «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Այդ մասին հայտնում է Բունդեսթագի պաշտոնական կայքը:
Պետք է շեշտել, որ «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ ստեղծված բանաձևի նախագիծը օրակարգում է ընդգրկվել հենց «ցեղասպանություն» եզրույթով և դրա ընդունմանը կողմ են ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը դեռ անցած տարի ապրիլի 23-ին, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված իրադարձությունների մասին խոսելիս, արտաբերեց ցեղասպանություն բառը: