Կրեմլն ափսոսում է, որ Անկարան մինչև այսօր որևէ քայլ չի արել Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակԴմիտրի Պեսկովը:
Այսկերպ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերին, թե Անկարան չի հասկանում ինչ քայլեր պետք է անի Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ իրեն իրավունք չի վերապահում այս մասով խորհուրդներ տալ Էրդողանին:
«Ես կհիշեցնեմ այս հարցով Վլադիմիր Պուտինի հայտարարությունը: Հենց նախագահ Պուտինը մեր օդաչուի սպանությունից մի քանի օր անց հայտարարեց, որ Թուրքիայից ներողություն է սպասում ագրեսիվ և դավաճան գործողությունների համար: Ռուսական կողմը նաև փոխհատուցում է պահանջում ինքնաթիռի և սպանվածի ընտանիքի համար: Ամեն ինչ ասվել է առանց ակնարկների»,-ասել է Պեսկովը: