Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Եվ ով, եթե ոչ առաջին հերթին զինվորականներն են պաշտպանը մանուկների: Նրանք են նվաճում խաղաղությունը, որ գունավորվում է յուրաքանչյուր երեխայի ժպիտով:
Հունիսի մեկին պաշտպանության նախարարության տարածքը վերածվել էր հեքիաթային մոլորակի: Զինծառայողների երեխաները եկել էին ծանոթանալու իրենց մայրիկների ու հայրիկների աշխատավայրին, այն աշխատավայրին, որն ապահովում է իրենց իսկ անվտանգությունն ու պաշտպանվածությունը: Տոնի առթիվ պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել էին նաև զոհված զինծառայողների և ազատամարտիկների երեխաներն ու ընտանիքների անդամները: Պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքը վերածվել էր վառ ու գունագեղ հեքիաթային աշխարհի, որտեղ թևածում էին պարզությունը, անկեղծությունն ու բարությունը կամ, մեկ բառով ասած՝ մանկությունը: Երեխաների վառվռուն աչքերը, նրանց կարկաչուն ծիծաղը, պարզ ու միամիտ հարցերը, ինչպես նաև հայրենիքի վերաբերյալ յուրօրինակ պատկերացումներն ու անկեղծ բարեմաղթանքները բարձր տրամադրություն ու դրական լիցքեր փոխանցեցին բոլորին:
Պաշտպանության նախարարության փոքրիկ հյուրերը վաղ առավոտից կավճանկարներով էին պատել շուրջբոլորը: Բոլոր նկարները խաղաղություն էին պատկերում` արև, երկինք, ծաղիկ, տնակ և զինվոր: Փոքրիկներին շնորհավորելու էին եկել ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի զինծառայողները, Երևանի պետական կրկեսի Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի սաները, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի նժդեհիկները: Ուրախ ավտոբուսն ու կառքն էլ ծանոթացնում էին փոքրիկներին զինծառայող ծնողների աշխատավայրին: