«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Սպառողներից շատերին է մտահոգում խանութից ձեռք բերված կենցաղային էլեկտրական լամպերի որակը, քանի որ դրանք օգտագործելուց առավելագույնը մեկ-երկու շաբաթ հետո շարքից դուրս են գալիս: Ավելի բախտավորներին այդ լամպերը ծառայում են գոնե մեկ-երկու ամիս:
Բացի դրանից, այդ լամպերը նաև վտանգավոր են, քանզի հաճախ այրվելիս պայթում են կամ այնպես են փչանում, որ մեծ դժվարությամբ է հնարավոր լինում հանել լամպակալի միջից: Երբեմն անգամ ստիպված ես լինում կոտրել լամպակալը:
Խնդրին քաջատեղյակ են սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները, և իրենք էլ ահազանգում են դրա մասին, քանի որ անորակ լամպերի առկայությունը շուկայում լրջորեն հարվածում է սպառողների գրպանին, նաև նրանց զրկում համապատասխան գնի դիմաց որակյալ արտադրանք ձեռք բերելու հնարավորությունից՝ բարոյական վնաս պատճառելով:
«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը հայաստանյան շուկայի` անորակ լամպերով հեղեղված լինելու պատճառը թերի օրենսդրությունն է համարում, որով պարտադիր սերտիֆիկացում չի նախատեսվում կենցաղում օգտագործվող էլեկտրական ապրանքների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում