ԱԺ քննարկում է Ազգային անվտնագության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Փոփոխություններից մեկով առաջարկվում է ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոնները համալրել գիտական աստիճան ունեցող և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված, հետագայում պահեստազորում գրանցված անձանցով:
Սա ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով մտահոգիչ է: Նրա խոսքերով, բոլորն էլ գիտեն, թե այսօր ովքեր չեն ծառայում բանակում, դրանք պատգամավորների, նախարարների, օլիգարխների որդիներն են, ովքեր ասպիրանտուրայի քողի տակ զբաղված են դեզերտիրությամբ. «Մտավախություն չկա՞, որ այս փոփոխությամբ ԱԱԾ-ն կդառան կադրերի նշանակության բյուրո այնպիսի «գիտնականների» համար, որոնց գիտնական համարելն առնվազն անպարկեշտություն կլինի: Իսկ նրանք, ովքեր գիտական կոչում ունեն և ծառայել են բանակում, ուղղակի չեն կարող դիմանալ անհավասար մրցակցությանը, քանի որ հաղթելու է օլիգարխի, պաշտոնյայի երեխան»:
Հիմնական զեկուցող Արզուման Հարությունյանն ասաց, որ փոփոխությամբ չի առաջարկվում պաշտոնների նշանակել միայն չծառայողներին, իսկ նրանք, ովքեր ծառայել են, առավելություններ են ստանում:
Ապա արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով առաջարկեց «քառակուսի բաներից դուրս գալ: Բամզաթիվ պատգամավորների երեխաներ կարող են տաղանդավոր լինել, էտ մարդիկ կրա՞կն են ընկել»:
Զոհրաբյանին դուր չեկավ Շարմազանովի ձևակերպումը և նա արձագանքեց դահլիճից, ինչին ի պատասխան ԱԺ փոխխոսնակն ասաց՝ «Տիկին Զոգրաբյան ես խնդրում եմ լսեք, թե ինչի մասին եմ խոսում, հետո գոռացեք: Ես տանձից եմ խոսում, Դուք խնձորից»: