Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահ երկիր, մյուս անդամ երկրներին ներկայացրել է պլան, որը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության մեխանիզմներ ձևավորելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նա նշել է, որ նմանատիպ մեխանիզմներ ձևավորելը շատ կարևոր է, սակայն դրա համար նախ անհրաժեշտ է ընդլայնել ԵԱՀԿ գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի լիազրությունները:
Քիսլերը հայտնել է, որ Գերմանիան պետական միջոցներ է ներդրել միջադեպերը հետաքննելու համար մեխանիզմներ ստեղծելու համար, ապա հույս է հայտնել, որ բյուջեի նախագիծը կընդունվի ԵԱՀԿ բոլոր անդամների կողմից: Նա չի նշել, թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը:
Խոսելով Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին, Երևանում Գերմանիայի դեսպանն ասաց, որ բանաձևը նպատակ ունի նաև աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: