ԼՂՀ ԱԺ խմբակցությունները և իրավապահ մարմինները հանդես են եկել համապատասխան հայտարարություններով և շատ լավ կլինի, եթե ՀՀ բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոտեն Արցախում ընթացող պրոցեսների մեջ, նամանավանդ որ քաղաքական գնահատականը հնչեցրել են Արցախի խորհրդարանի խմբակցությունները, իրավապահ գնահատականն էլ իրավապահների ուշադրության կենտրոնում է: Այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դրան, որ հայաստանյան քաղաքակական որոշ գործիչներ հայտարարություններ են անում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ կապված միջադեպի մասով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայաստանյան իշխանությունները ցանկաություն չունեցա՞ն հանդիպել Սամվել Բաբայանի հետ, Շարմազանովն ասաց, որ ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ. «Ես զինվորական չեմ և չեմ ուզում տարբեր զինվորականների գնահատակնների մեջ իմ դիլետանտական գնահատականներով հանդես գալ: Ձեր նշած անձի գնահատականներին երեկ արձագանքել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը: Իսկ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ փոխխոսնակ, որպես իշխող կուսակցության անդամ և որպես պատմաբան, մի բան կարող եմ ասել և խնդրել՝ վտանգի պահին պետք չէ իրար վրա քար նետել:Պետք է համախմբվել և միավորվել»: