Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական Միության հավասարակշռված դիրքորոշման շարունակական պահպանումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ, իհարկե, բանակցությունները շարունակելու, խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է Եվրամիության հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությունը եւ այցելությունները տարածաշրջան կնպաստեն վստահության մթնոլորտի ձեւավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը:
Հերբերտ Զալբերը նշել է, թե օգտվում է տարածաշրջան այցերի հնարավորությունից՝ ընդարձակելու իր շփումները կառավարական եւ ոչ կառավարական շրջանակների հետ, որը միտված է հիմքեր ստեղծելու, որպեսզի ԵՄ-ն կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել խաղաղության հաստատման հարցում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին վերջին շրջանում հաճախակիացած սադրիչ գործողություններին եւ լարվածության աճին: Հանրապետության նախագահի համոզմամբ, Ադրբեջանի ռազմատենչ եւ ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաեւ լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպի տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն:
Հերբերտ Զալբերը վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ ընդգծել, որ ԵՄ-ն կօգտագործի խաղաղությանը նպաստելու յուրաքանչյուր հնարավորություն՝ զսպվածության եւ հրադադարի պայմանները հարգելու համապատասխան ուղերձ հղելով: