Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU գործակալությունը,Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Россия 24 հեռուստաընկերությանը տված հացազրույցում հայտարարել է, որ Գյումրիում հունվարի 12-ին կատարված ողբերգությունը Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր ցավն է, և նման գազանությունը չունի արդարացում, չունի ազգային և պետական պատկանելություն:
«Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները ցնցվել էին, երբ իմացան կատարվածի մասին: Այն դարձավ համընդհանուր ցավ, ողբերգություն ինչպես հայ, այնպես էլ՝ ռուս ժողովրդի համար: Ես հասկանում և ընդունում եմ կատարվածի առնչությամբ հասարակության զգացմունքային արձագանքը: Կցանկանայի ևս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել անմեղ զոհերի հարազատներին, գյումրեցիներին, ողջ հայ ժողովրդին»,- ասել է դեսպանը:
Նա շեշտել է, որ հայկական և ռուսական պատասխանատու մարմինները համատեղ իրականացնում են գործի քննություն: «Այն պետք է լինի օբյեկտիվ և համապարփակ: Ես համոզված եմ, որ հանցագործը կկրի պատիժ օրենքի ողջ խստությամբ: Հայ-ռուսական բարեկամության դարավոր պատմության մեջ եղել են բարդ էջեր, բայց մենք միշտ կարողացել ենք հաղթահարել դժվարությունները համատեղ ջանքերով` աջակցելով միմյանց: Հավատում եմ, որ այդպես կլինի նաև հիմա»,- ընդգծել է Իվան Վոլինկինը: