Այրվածքներով և տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է` դրական տեղաշարժով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից: Տղայի գիտակցությունը տեղում է: Նա երկարաժամկետ բուժման կարիք կունենա:
Հիշեցնենք, որ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննության, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել մայրը։
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմա իվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։
Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։
Ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա՝ արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով, եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։
Հյուրասենյակի բազմոցին կիպ պատի վրա հայտնաբերվել է նաև երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է», որից վերցվել են պատի քերուկներ։
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։