Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրiայի կառավարական զինուժի օդային ու հրետանային հարվածներին են ենթարկվել Ջեշ ալ-Իսլամ խմբավորման գրոհայինների հենակետերը Դումի, Թել-քուրդի ու Ռեյհանի շրջաններում: Մարտերի ընթացքում ոչնչացվել է 2 զրահամեքենա ու 40 գրոհային, որոնց թվում՝ թունիսյան ու պաղեստինյան ահաբեկիչներ:
Արեւելյան Ղութ պրովինցիայում աշխարհազորայինների զորաջոկատին հաջողվել է ներթափանցել գրոհայինների թիկունքն ու ոչնչացնել շուրջ 12 ահաբեկչի ու գերել 6 հոգու: Միաժամանակ Ալ-Ասադ բնակավայրում գրոհային խմբավորումները հրետակոծել են խաղաղ բնակելի թաղամասերը, ինչի արդյունքում տուժել են տասնյակ մարդիկ:
Արյունալի մարտերը շարունակվում են Արեւմտյան Ղութի ու Դարեյի շրջաններում, որտեղ Խան-Շիհայի պլանտացիաների մոտակայքում սիրիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները մասսայական հրետակոծության են ենթարկել գրոհայինների հենակետերը: Միջազգային կազմակերպությունների ու Կարմիր խաչի կողմից Խան-Շիխ հասցված հումանիտար օգնությունը խլվել է գրոհայինների կողմից:
Դամասկոսի հարավում խախտելով ժամանակավոր հրադադարը, գրոհայինները մի շարք հարձակումներ են իրականացրել բանակային զորամիավորների նկատմամբ, որտեղ, մասնավորապես Աթ-Թագամուն արվարձանում ընթանում են արյունալի մարտեր, ականանետների ռմբակոծության հետեւանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ փոքրիկ երեխա:
Գնդակոծվել է նաեւ Աբբասյանների հրապարակը, ավերվել են շրջակայքում գտնվող շինությունները, սակայն, բարեբախտաբար զոհեր չեն գրանցվել: Ալ-Բրեյջում ընթանում են դիրքային մարտեր, կողմերը առաջխաղացում չեն գրանցել: