Այսօր՝ հունիսի 8-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն ընդունել Սամվել Բաբայանին, ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ Բաբայանը նման հարցով դիմել է հայաստանյան իշխանություններին, թե՝ ոչ. «Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ կռվող է եղել: Չունի ռազմական որևէ կրթություն: Դա մեկը: Դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի, հետո դուրս է եկել աշխարհում իր համար ման է եկել, հիմա էլ եկել է գործ է ուզում ու պիտի գործ ճարեն ու տա՞ն: Չի կարող: ես չգիտեմ գործ ուզում է, թե՝ ոչ, ոչ հանդիպել եմ, ոչ էլ գիտեմ, պարզապես թերթերի հոդվածներ եմ կարդում, որ իբրև թե գործ է ուզում»:
Ինչ վերաբերում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին, Սահակյանն ասավ, որ չի կարծում, թե Խանումյանին ծեծել են քաղաքական հայացքների համար: ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությանն էլ անդրադառնալով և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք չպետք է դրվի վերջինիս հեռացնելու հարցը՝ ԱԺ նախագահն ասաց, որ ամեն ինչը պետք է ուշադիր լսել, որպեսզի կարողանաս պատասխանել. «Ղարաբաղն ինքը պետք է իր խնդիրները լուծի: Այնպես չէ, որ մենք այստեղ ինչ-որ բան ենք մտածել ու Ղարաբաղը կարողանա դա անել»: