Հասարակություն 

Առաջիկա ամիսներին մեծ է ցրտահարության ռիսկայնությունը. ԱԻՆ պաշտոնյա

Ընթացիկ տաք ձմեռը չի վնասել մշակաբույսերին,  սակայն առաջիկա ամիսներին մեծ է լինելու ցրտահարության ռիսկայնությունը, որը կպահպանվի մինչև ապրիլի սկիզբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ  այս մասին լրագրողներին հայտնել է ԱԻՆ Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով` տաք ձմեռն աննախադեպ երևույթ չէ, և նման ձմեռներ մեր հանրապետություն գրանցվել են 1955, 1963, 1966,  1979, 1999  և 2010  թվականներինˋ ջերմաստիճանային որոշ տարբերությամբ:

«Բարեբախտաբար, արդեն երրորդ օրն է հանրապետությունում դիտվում են տեղումներ: Եթե  Արարատյան դաշտում և հովտային շրջաններում մենք արձանագրում ենք անձրև, ապա լեռնային և նախալեռնային շրջաններում ամենուրեք ձյուն է տեղում: Այս տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը ներառյալ: Ամսի 11-ին և 13-ին շրջանների մեծ մասում, 14-ին և 15-ին արևելյան շրջաններումˋ Սյունիք, Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, սպասվում են տեղումներˋ հիմնականում ձյուն: Փետրվարի 12-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է ձյունախառն անձրև»,- ասել է Պետրոսյանը:

ԱԻՆ աշխատակցի խոսքով` այս տարվա դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3-5 աստիճանով, հունվարինˋ 2-3 աստիճանով: Տեղումների քանակը նախաձմեռային շրջանի աշնանն եղել է նորմային մոտ` դրական շեղումով, դեկտեմբերին եղել է նորմային մոտ` առանձին դրական և բացասական շեղումներով, իսկ հունվարին տեղումների քանակը ցածր էր նորմայիցˋ կազմելով նորմայի 60-70 տոկոսը:

Այն բարձր է եղել միայն Շիրակում և Գեղարքունիքում և կազմել է նորմայի 100-120 տոկոսը: Արարատյան դաշտում և առհասարակ հանրապետության հովտային շրջաններում ձյան ծածկ չի առաջացել:

Ինչպես նշում է Պետրոսյանը, դեպքերի 20 տոկոսի դեպքում նման պայմաններում ձյան ծածկ Արարատյան դաշտում չի առաջանում: Փետրվարը կանխատեսվել է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումներըˋ նորմայից ավելի: Օդի ջերմաստիճանն այս ամսվա առաջին տասնամյակում շատ բարձր է եղել նորմայիցˋշրջանների մեծ մասում գրանցվել է  մոտ 7-9 աստիճանով բարձր ջերմաստիճան: Նախնական կանխատեսմամբ`մարտը սպասվում է նորմային մոտˋ 1 աստիճանով բարձր, տեղումներըˋ նորմային մոտ և նորմայից ավելի:

Ինչ վերաբերում է երաշտին, ապա այս պահին Հայպետհիդրոմետը վստահ է, որ տեղումների քանակը բավարար կլինի:

«Բացասական ջերմաստիճանների ռիսկայնությունը Հայաստանի տարածքում պահպանվում է մինչև ապրիլի 10-ը: Արարատյան դաշտում առայժմ -5 աստիճանից ցածր ջերմաստիճան առաջիկա օրերին չենք կանխատեսում: Չնայած ցերեկային բարձր ջերմաստիճանին` գիշերային ցածր ջերմաստիճանը թույլ չի տվել, որպեսզի վեգետացիայի արագ ընթացք դիտվի: Վեգետացիան պայմանավորված է կուտակային ջերմաստիճանով: Բարեբախտաբար, այս տարի, չնայած այսքան տաք լինելուն, Արարատյան դաշտում ծիրանի էական բողբոջում չի նկատվում»,- ասել է Պետրոսյանըˋ հավելելով, որ սովորաբար ծիրանը ծաղկում է մարտի երրորդ տասնօրյակում և ապրիլի առաջին տասնօրյակում:

Նույն շարքից