Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը գերմանական խորհրդարանի այսօրվա նիստը սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին կոշտ հայտարարությամբ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած թուրքական ծագում ունեցող գերմանացի պատգամավորների արյունը պետք է ստուգել՝ համոզվելու համար նրանք իրոք թուրք են, թե՝ ոչ:
«Ցավոք, ատելություն պարունակող սպառնալիք հնչեց նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ես անհնար եմ համարում այն, որ 21-րդ դարում ժողովրդավար կերպով ընտրված նախագահը կարող է նույնկերպ ընտրված պատգամավորների արյունը կեղտոտ համարել»,-ասել է Լամերտը՝ արժանանալով ներկաների ծափողջյուններին:
Հարկ է նշել,որ դահլիճում է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Լամմերտի խոսքերով, գերմանացի պատգամավորները պատրաստ են պոլեմիկայի և քննադատության, սակայն բոլոր նրանք, ովքեր հարձակվում են պատգամավորի վրա, պետք է հասկանան, որ հարձակվում են ամբողջ խորհրդարանի վրա: Նա նշել է, որ բունդեսթագը սպառնալիքներին պատասխանելու է այն բոլոր գործիքներով, որոնք նախատեսված են օրենքով: