Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է տրվել թուրքական ճնշմանը և աջակցել, որպեսզի Անկարան ստանա վիզային դյուրացված ռեժիմ, չնայած այն բանին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվում է կատարել ԵՄ-ի պահանջած պայմանները: Այս մասին գրում է The Telegraph թերթը՝ հղում անելով Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանի նամակագրությանը:
Նշենք, որ այն բանից հետո, երբ մարտի 18-ին Թուրքիան պարտավորվեց կանգնեցնել Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա, Եվրամիությունը պարտավորվեց չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի հետ, սակայն այն պայմանով, եթե Անկարան կատարի անհրաժեշտ փոփոխությունները և հետևի որոշ կանոնների:
Էրդողանը մինչև այսօր հրաժարվում է կատարել փոփոխություններից առնվազն մեկը: Խոսքը վերաբերում է հակաահաբեկչական օրենդրության փոփոխությանը, ինչն էլ դարձել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև անհամաձայնության հիմնական պատճառը:
Կան մտավախություններ, որ Անկարան, վիզային դյուրացված ռեժիմ չստանալու դեպքում կարող է զայրանալ և բացել ներգաղթյալների ճանապարհը, որոնք Էգեյան ծովով անարգել մուտք կգործեն ԵՄ տարաածք, ինչի մասին բազմիցս խոսել է նաև Էրդողանը: