Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, անձնակազմի հրամանատարի որոշմամբ, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում՝ ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով, տեղեկացնում է Интерфакс-ը:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռը Վոլգոգրադում վայրէջք է կատարել տեղի ժամանակով 22:30-ին:
Վայրէջքի որոշումը կայացրել է հրամանատարը՝ ուղևորներից մեկի պահվածքի պատճառով, ինչը կարող էր վտանգ ստեղծել այլ ուղևորների անվտանգության համար:
Ուղևորը եվրոպական երկրներից մեկի, հավանաբար՝ Նիդեռլանդների բնակիչ է եղել:
Աղբյուրը տեղեկացրել է, որ ուղևորի ոչ ադեկվատ պահվածքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նա վազել է ինքնաթիռի սրահում և թակել է օդաչուների խցիկի դուռը: Վոլգոգրադում տղամարդուն իջեցրել են ինքնաթիռից: Նախնական տվյալներով՝ նրա մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել:
Երեք ժամ անց ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Մոսկվա: Ինքնաթիռում 130 ուղևոր է եղել: