Գլխավոր Վերլուծական 

Այդ ոլորտում Ռուսաստանն ունի նույն ազդեցություն, ինչպես Սամվել Ալեքսանյանը` շաքարավազի շուկայում. «168 Ժամ»

analitik.am

«168 Ժամ» թերթը գրում է «Հայաստանի կառավարությունը պայքար է հայտարարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Բոլորը խոսում են տնտեսական մենաշնորհների քայքայիչ հետևանքների մասին: Ազգային ժողովը քննարկում է նոր Հարկային օրենսգիրքը, որը, ըստ դրա հեղինակների, հարկային դաշտը դարձնելու է ավելի հավասար, թեթևացնելու է հարկային բեռը, կրճատելու է ստվերն ու ավելացնելու է բյուջեի մուտքերը:

Ընդունենք, որ իշխանությունն անկեղծ է՝ ինչպես՝ մենաշնորհների դեմ պայքարում, այնպես էլ՝ Հարկային օրենսգրքի հարցում: Բայց արդյոք այդ քայլերով լուծվելո՞ւ են Հայաստանի բոլոր հիմնական խնդիրները, որոնք պետությունը հասցրել են այս աղետալի վիճակին: Առաջին հայացքից՝ թվում է, թե Հայաստանի խնդիրների մեծ մասը սոցիալ-տնտեսական են, և տնտեսության մեջ մի քանի բեկումնային քայլերով հնարավոր կլինի էականորեն փոխել իրավիճակը: Գուցե: Բայց Հայաստանի շատ ավելի լուրջ, խորքային խնդիրները ո՛չ տնտեսական են, ո՛չ էլ սոցիալական:

Պարզապես այդ խնդիրներրի զգալի մասը սոցիալական կամ տնտեսական դրսևորումներ են ստանում: Իրականում Հայաստանի կարևորագույն խնդիրները գտնվում են արտաքին քաղաքական հարթությունում: Ընդ որում, պատահաբար, իսկ գուցե օրինաչափորեն, դրանք արտահայտվում են նույն արատավոր դրսևորումներով, ինչ տնտեսական կյանքում: Մեշնաշնորհ: Այո, սա Հայաստանի տնտեսությունը քայքայող ամենագլխավոր խնդիրն է, որից ածանցվում է նաև կոռուպցիան, չնայած կոռուպցիան ունի ավելի լայն` ոչ միայն՝ մենաշնորհային ընդգրկում:

Իսկ մի՞թե մենաշնորհային չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը` մեկ երկրից ունեցած կախվածության ու այդ երկրի տոտալ ազդեցության առումով: Եթե խնդիրը դիտարկենք այս համեմատության տեսանկյունից, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանն ունի ճիշտ այնպիսի ազդեցություն, ինչպես Սամվել Ալեքսանյանը` շաքարավազի շուկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից