Հասարակություն 

Հաքերները կոտրել են տասնյակ թուրք պաշտոնյաների փոստային հասցեները

«Սիրիական էլեկտրոնային բանակ» միավորման հաքերները հայտարարել են բարձրաստիճան թուրք պաշտոնյաների՝ ներառյալ Թուրքիայի արտգործնախարարության և Նախագահի վարչության աշխատակիցների էլեկտրոնային հասցեները կոտրելու մասին, հաղորդում է ria.ru-ն` հղում անելով Hurriyet-ին:

Թուրք պաշտոնյաների էլեկտրոնային փոստային հասցեները սիրիացի հաքերները կոտրել են մոտ երկու տարի առաջ, բայց դրանց պարունակությունը հրապարակվել է միայն այժմ: Հաքերները կոտրել են ընդհանուր առմամբ 967 հաշիվ և հրապարակել են 2009-2012 թվականներին ուղարկված տասնյակ հաղորդագրություններ: Բացի թուրք պաշտոնյաներից, հաքերների զոհ են դարձել սիրիական կոնֆլիկտում ևս ներգրավված Սաուդյան Արաբիայից, Քաթարից և Արաբական պետությունների լիգայից իրենց գործընկերները:

«Ողջ աշխարհը չի հարգում Սիրիայի սահմանները, և մենք, մեր հերթին, արհամարհում ենք բոլոր սահմանները և թիրախ ենք ընտրում նրանց, ովքեր ցանկանում են վնաս հասցնել մեր երկրին՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում»,- ասել է «Սիրիական էլեկտրոնային բանակի» ներկայացուցիչը Hurriyet թերթին:

Միավորման ներկայացուցչի խոսքով՝ հրապարակված նամակագրությունը ապացուցում է թուրքական կառավարության և Սիրիայում զինված խմբավորումների միջև եղած կապը:

Նույն շարքից