Գլխավոր Քաղաքականություն 

Արամ Մանուկյանը դիտողություն արեց Հերմինե Նաղդալյանին

analitik.am

«Տիկին Նաղդալյան, սրանից հետո որևէ անգամ որոշ պատգամավորների մեջ ինձ չտեղավորեք և եթե ես կարծիք եմ ասում Գյումրիի մասով, լուրջ չի ինձ մեղադրելը, թե ես չեմ ցանկանում, որ Գյումրին և մյուս քաղաքաները ծաղկեն, դիտողություն եմ անում Ձեզ»,-այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում, դիմելով ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ավելի վաղ Նաղդալյանը, առանց անուններ տալու, որոշ պատգամավորների մեղադրել էր Գյումրիի ծաղկելը չկամենալու մեջ՝ նշելով, թե ոմանց համար որքան վատ, այդքան՝ լավ:

Ապա Արամ Մանուկյանն անդրադարձավ Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Նաիրա Կարապետյանին ևս, ով առանց անուններ տալու, բայց ամենայն հավանականությամբ նկատի ունենալով հենց Արամ Մանուկյանին, հայտարարել էր, թե որոշ պատգամավորներ նույնսիկ իրենց ծննդավայրի մասին հոգ չեն տանում:

Մանուկյանը նշեց, որ կզարմանար, եթե բոլորը ճիշտ հասկանային իրեն, քանի որ ինքն այդքան պարզունակ չէ:

Այս խոսքի վրա Հերմինե Նաղդալյանը չդիմացավ և ընդհատելով Արամ Մանուկյանին ասաց՝ «Պարոն Մանուկյան, Դուք միշտ բոլորին կոչ եք անում դիտողություն չանել, բայց ինքներդ Ձեզ, չգիտեմ ինչու իրավունք եք վերաբերում (հավանաբար ԱԺ փոխխոսնակը նկատի ուներ ոչ թե վերաբերում, այլ՝ վերապահում) բոլորին դիտողություն անել, կարծում եմ սա տեղին չէ»:

Մանուկյանն ասաց, որ իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքներ տերն ինքն է:

Նույն շարքից