«168 Ժամ» թերթը գրում է. ««Սպասեք»: Սա այն արտահայտությունն է, որը հնչում է վերջին օրերին ամենաշատը քննարկվող հայտնի տեսանյութում, որը նկարահանվել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին կամ առաջին օրը` ապրիլի 2-ին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանի դիրքերից մեկում: «Սպասեք»` ասում է հրամանատարությունից ինչ-որ մեկը զինվորներին, ովքեր զեկուցում են, որ ադրբեջանցի զինվորները մոտենում են մեր դիրքերին: Զեկուցում են` կրակելու հրամանի սպասելով: Զեկուցում են` չսպասելով այլ հրամանի, որովհետև այդպիսին է պատերազմի կանոնը, որը նման իրավիճակում նաև կենաց-մահու պայքարի միակ կանոնն է, կենդանի մնալու, չզոհվելու, չնահատակվելու կանոնը:
Բայց քանի որ պատերազմն ընթանում է ոչ միայն՝ պատերազմի, այլ նաև՝ քաղաքականության կանոններով, հրամանատարությունից ինչ-որ մեկը զինվորներին հրահանգում է սպասել: Սպասել մահվան: Սպասել` մեծ քաղաքականությանը զոհաբերվելուն: Սպասել` առանց դիմադրելու: Սպասել` ենթարկվելով հրամանին:
Հրամանատարությունից ինչ-որ մեկի հրամանին, որն այդ հրամանը ստացել է ավելի վերևում գտնվող ինչ-որ մեկից, վերջինս էլ նույնը ստացել է ավելի բարձրից… Հրամանը ստացվել է ղեկավարությունից, որը պատերազմը ենթարկեցրել է քաղաքականությանը:
Քաղաքականությանն է ենթարկեցրել նաև զինվորների կյանքը: Հետմահու հերոսանալու երաշխավորված ապագայով, բնականաբար: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած այս առանձին պատմությունն իրականում ոչ թե՝ բացառության, այլ՝ օրինաչափության արտահայտություն է:
Օրինաչափություն, որով ապրում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչ միայն՝ պատերազմում, այլ՝ ընդհանրապես, կյանքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում