ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 20-ից ամառային հանգստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներ:
Առավոտյան երեխաներին վարչական շրջաններից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ նաև քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նրանք նշել են, որ երեխաները գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո և վստահեցրել, որ ամեն ինչ արվել է մանուկների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար: Ճամբար մեկնողներին բաժանվել են մարզական խաղեր ու մարզահագուստ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին, տեղերում կծանոթանան նրանց առօրյային: Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա: Ամառային հանգստի մեկնողների ու վերադարձողների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության համագործակցությամբ: