«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի զրուցակիցն է Թուրքիայի Անթալյա քաղաքում սեռական շահագործման՝ թրաֆիքինգի ենթարկված Նարինեն (անունը փոխված է), ով դեռեւս 18 տարեկանում հասցրել է քաղել կյանքի դառը դասերը: Մեր հերոսուհուն սեռական շահագործման ենթարկած թրաֆիքյորներն արդեն իսկ դատապարտված են, նա դատարանի վճռով ճանաչվել է թրաֆիքինգի զոհ: Բայց դա չի մեղմում Անթալյայից մնացած դառնությունը, որը երբեմնի կենսուրախ, ժպտերես, փխրուն, ապագայի հանդեպ մեծ սպասումներով լցված աղջնակից գրեթե բան չթողեց: Համենայնդեպս՝ մեզ հետ զրույցում, երբ փորձում էր պատմել Թուրքիայում անցկացրած օրերի մասին, արցունքն աչքից անգամ մեկ վայրկյանով չդադարեց...
Ապրում էր սոցիալաես ծանր պայմաններում գտնվող ընտանիքում, ունեին պարտքեր: «Օգնության ձեռք» է մեկնում հարևանուհին՝ Նարինեի մորն առաջարկելով մեկնել Թուրքիա՝ իր բարեկամուհիներից մեկի մոտ՝ աման լվացողի կամ տան աշխատակցուհու աշխատանք կատարելու:
«Նախապես պայմանավորվածության հիման վրա, ինձ պետք է ամսական վճարեին 300-500 դոլար, հոգային իմ ապրելու և ուտելու ծախսերը: Բացի ինձնից, նույն բնույթի աշխատանքի ակնկալիքով Թուրքիա էին մեկնում ևս մի քանի աղջիկներ: Բաթումում մեզ դիմավորեց հարևանուհուս բարեկամուհու թուրք ամուսինը, ով մեզ տարավ Անթալյա՝ իրենց տուն:
Առաջին օրը, կարծես, ամեն ինչ նորմալ էր, մեզ հետ շատ սիրալիր էին, բոլորիս ննջասենյակներում տեղավորեցին: Երեկոյան տանտերը մեզ ասաց, որ պետք է աշխատանքի գնանք: Բավական կոշտ տոնով կարգադրեց, որ արագ հագնվենք իրենց տված կարճ շրջազգեստները, նստենք մեքենան, թե բարի տերերը մեռան մեզ սպասելով:
Տարան ինչ-որ գիշերային ակումբի նման մի տեղ, որտեղ մեզ դիմավորեցին թուրք ամուսիններ: Նրանք մեզ միանգամից տեղեկացրին, որ հաճախորդներին պետք է սիրահետենք, որպեսզի նրանք լավ գումարներ տան իրենց՝ մեզ համար: Մենք արդեն հասկացանք, որ պետք է մարմնավաճառությամբ զբաղվենք:
Մեզ բերած թուրք տղամարդը բարձր տոնով ասաց, որ ձեններս կտրենք, տեսարաններ չսարքենք այստեղ: Սկսեց համոզել, որ տղամարդիկ մեզ կշոյեն, մենք ևս պետք է սիրահետենք թուրք հաճախորդներին, բայց ինտիմ հարաբերություն չի լինի, որովհետեւ դա այլ գին ունի և դրա համար այլ տեղ կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում