«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրությունը ցնցեց Հայաստանի հանրությանը. կրկին ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՔԿ-ի՝ նա կասկածվում է մի խումբ անձանց հետ զինված խմբավորում ստեղծելու եւ զենքի գործադրմամբ ինչ-որ շենքեր զավթելու մտադրություն ունենալու մեջ:
Այսպիսով՝ կրկին օտարերկրա բարձրաստիճան հյուրի այցելությունից առաջ ՀՀ իշխանությունները բազմաթիվ հարցերի տեղիք տվող մեղադրանքով ձերբակալում են Ժիրայր Սէֆիլյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Հայաստան է այցելելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, և սպասվում է, որ տասնյակ երկրներից պաշտոնական պատվիրակություններ են ժամանելու Հայաստան: Անցած տարի էլ Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալեցին ապրիլի 24-ին ընդառաջ, երբ դարձյալ ՀՀ-ում էին բազմաթիվ երկրների ղեկավարներ և պատվիրակություններ: Մյուս կողմից ուշագրավ է, որ Սէֆիլյանին ձերբակալեցին հենց այն օրը, երբ Սանկտ Պետերբուրգում ընթանում էր Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը:
Ըստ էության, կորսված 800 հա տարածքների դեմ ամենաարմատականը խոսող և կոնկրետ գործողությունների կոչ անող գործչին հենց Պուտինի հետ հանդիպումից առաջ ձերբակալելը չէր կարող պատահական լինել: Ենթադրվում էր, որ այս հանդիպման ընթացքում ռուսական կողմից փորձ է արվելու ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված Սարգսյանից ինչ-որ կոնկրետ խոստումներ կորզել: Նման պայմաններում ցանկացած տեսակի զիջման դեմ արտահայտվող գործչի ձերբակալությունը չի կարող չդիտարկվել որպես փոխկապակցված գործողություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում