Հասարակություն 

Հայաստանում քանի՞սը գիտի՝ ո՞վ է Սուրբ Վալենտինը

Սիրահար զույգերի համար տարվա ամենասպասվող տոներից մեկը Սուրբ Վալենտինի օրն է: Հայաստանում այդ տոնը մեծ խանդավառությամբ նշում են հատկապես նրանք, ովքեր նույնիսկ գաղափար չունեն` ո՞վ է Սուրբ Վալենտինը, որտեղի՞ց և ի՞նչ ճանապարհով է Հայաստան «մուտք գործել» և վերջապես` ի՞նչ խորհուրդ ունի:


Սուրբ Վալենտինի տոնը սկսել են նշել Եվրոպայում XIII դարից: Այնուհետև այն տարածվել է գրեթե ողջ աշխարհում:


Տարբեր լեգենդներ կան հյուսված սբ. Վալենտինի շուրջ. III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական, ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ: Այդ ժամանակ Կլավդիոս II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ: Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ: Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ:

Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո, իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը` 269 թ. փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ:


Այդ օրվանից ամեն տարի հիշում են Սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում, թեև շատերն անտեղյակ են Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի մասին և հաճախ սբ. Վալենտինի տոնը նույնացնում են սբ. Սարգսի տոնի հետ` չիմանալով, որ այն որևէ կապ չունի Վալենտինի օրվա հետ:

 

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից