«Ուղղակի ողջամտության սահմաններից դուրս է այդ հայտարարությունը».- նշում է փաստաբան Սուսաննա Սարգսյանը՝ արձագանքելով Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը: Արտակ Գալստյանի շահերը պաշտպանող փաստաբանն ընդգծում է, որ ազգային դավաճանության գործ չի քննվում. «Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը չեմ կարող ողջամտության սահմաններում մեկնաբանել, քանի որ նման բան չկա, նման մեղադրանք չկա: Թե հիմա ժամանակից շուտ մարդն ընտրարշավ է սկսել, թե ինչ հանցանքներ է վերագրում անձանց և որ լիազորություններից օգտվելով է նման հայտարարություններ անում, ես չեմ կարող մեկնաբանություններ տալ»:
«Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, թե «Անալիտիկ» կայքի սկանդալային գործով շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը. «Բոլորը կիմանան, թե ինչ էր իրականում թաքնված այդ ամենի տակ, ինչպիսի հրեշավոր հանցախումբ չեզոքացվեց և ինչ կարգի ազգային դավաճանություն կանխվեց: Իսկ ոմանց համար բանտում փտելը փրկություն կլինի, որովհետև դրսում այդ տականքներին տեսնելիս ազգությամբ հայ ցանկացած մարդ կցանկանա ոչնչացնել դրանց, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Սպասեք, բացահայտումը շուտով...».- հայտարարել է պատգամավորը:
Իսկ ահա «Անալիտիկ» կայքի խմբագրի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պատրաստվում է միջնորդություն ներկայացրել քննիչին, որպեսզի հարցաքննեն Տիգրան Ուրիխանյանին, պարզելու, թե այդ ինֆորմացիան իրեն որտեղի՞ց: Hraparak.am-ի հետ զրույցում վերջինս ընդգծեց, որ «շորթող» արտահայտությունն ինքնին քրեաիրավական որակում է, իսկ քանի դեռ առկա չէ օրինական ուժ ստացած դատական ակտ, ապա որևէ մեկը, այդ թվում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, իրավունք չունի իր պաշտպանյալի հասցեին արտահայտվել, որպես «շորթողի»:
Մանրամասն՝ hraparak.am