Հասարակություն գլխավոր 

Այն, ինչում մեղադրվում է Անի Հովհաննիսյանը, անհնար է ապացուցել, քանի որ նման բան չի եղել. Փաստաբան. Newsbook.am

NewsBook-ի զրուցակիցն է երկու ամիս առաջ շորթման կասկածանքով կալանավորված Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

- Պարոն Սիմոնյան, Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը չի ընդունում իր մեղքը, այսինքն` երկու ամիս բանտում մնալուց հետո նա շարունակո՞ւմ է պայքարել իր արդարացման համար:

- Լինելով Անի Հովհաննիսյանի պաշտպանը` Ձեզ հավաստիացնում եմ, եթե կամայականորեն նույնիսկ մեկ տարի էլ այսպես անօրինական երկարացնեն կալանաքը, միևնույն է, նա չի ընդունելու, որովհետև որևէ մեղք չի գործել:

- Անի Հովհաննսիյանը բացարկ հայտնեց ՀՔԾ-ին՝ մեղադրելով անձնական հաշվեհարդարի մեջ։ Բացարկը պատշաճ քննվե՞ց Գլխավոր դատախազությունում:

- Ես այդ ժամանակահատվածում դեռ նրա պաշտպանը չէի: Բայց նշեմ, որ 10 օր առաջ Գլխավոր դատախազության կողմից դա մերժվել է: Գիտեք, բացի այդ, բացարկի պատշաճ և ոչ պատշաճ քննարկվելը երևացող չէ: Այսինքն, որ ասենք՝ օրինակ` պատշաճ նստել են, և դատախազը ստուգել է փաստերը, թե չի ստուգել, որովհետև իր սենյակում բացի իրենից, ոչ ոք չի լինում: Դա դատական պրոցես չէ, որ կողմերը մասնակցեն և քննարկեն:

- Լուրեր են պտտվում, որ Անի Հովհաննիսյանի և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջև պայմանավորվածությունն իրականում գովազդի տեղադրման շուրջ է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ես այդ լուրերից այս պահի դրությամբ ոչ մի բան չեմ կարող ասել: Գուցե եղել է, գուցե չի եղել:

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք կարող դեռ ոչ մի բան ասել ու մեկնաբանել:

- Նախ սկսեմ հետևյալից` չնայած ես վախկոտ փաստաբան չեմ, բայց վարույթն իրականացնող մարմնի կողմից նախազգուշացված եմ նախաքննական մարմնի տվյալները հրապարակելու քրեական պատասխանատվության մասին: Եթե խոսքը վերաբերում է կոնկրետ գործի նյութերին, ես դրանք այս պահին իրավասու չեմ հրապարակելու: Բայց կարող եմ Ձեզ հավաստիացնել մի բանում, որ այն, ինչում մեղադրվում է Անի Հովհաննիսյանը, վատագույն ձևակերպման պայմաններում էլ ուղղակի անհնարին է ապացուցել, որովհետև ուղղակի չի եղել դա:

Այսպես կարող եմ ասել՝ Ձեր ասած լուրերը կարող են շատ ճիշտ լինել, կարող է լինել նաև հետևյալ տարբերակը` շատ դեպքերում հենց որոշակի հոդվածներ, որոնցով որ ցանկանում են իրենց գովազդել, նաև լրատվամիջոցներով պետք է դա կատարեն: Հիմա այդ դեպքերից մեկն էլ կարող է լինել սա: Տիգրան Ուրիխանյանն ուզում է իրեն գովազդել ապագա ընտրությունների հետ կապված և Անի Հովհաննիսյանի հետ պայմանավորվում են, որ իր վերաբերյալ հոդվածներ տպագրվեն:

Մանրամասն՝  Newsbook.am

Նույն շարքից