Գերմանացի հայտնի քաղաքական գործիչները և ակտիվիստները հայտարարություն է կազմել երկրի գլխավոր դատախազության համար, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և մի քանի թուրք գործիչների մեղադրում են ռազմակական հանցագործությունների և քրդական տարածքներում մարդկության դեմ հանցագորությունների մեջ, հայտնում է ARD-ը:
Հեռուստաընկերության տեղեկություններով, Էրդողանից բացի մեղադրանքի հասցեատերերն են երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Էֆկան Ալան: Թուրք գործիչների հասցեին մեղադրանք պարունակող 200 էջանոց հայտարարության մեջ խոսվում է հանցագործությունների մասին, որոնք հիմնականում տեղի են ունեցել Շիրնակ նահանգի Ջիզրա քաղաքում:
Մասնավորապես նշվում է, որ թուրքական իշխանությունները պատասխանատու են 178 մարդու ողջ-ողջ այրվելու մեջ: Նրանց մեծ մասը եղել են խաղաղ բնակիչներ և զոհ են գնացել թուրքական տանկերին և հրետանուն:
Հայտարարությունն ուղարկվել է Կարլսրուեում Գերմանիայի գլխավոր դատախազին, հայտնել են իրավաբաններ Բրետի Էդերը և Պետրա Դերվիշայը: Բացի Գերմանիայի Ձախերի ներկայացուցիչներից, հայտարարությանը միացել են նաև գերմանացի հայտնի գիտնականներ և եվրոպացի իրավապաշտպաններ:
Հեռուստաընկերությունը հայտնում է՝ դեռ հայտնի չէ դատաազությունը կսկսի՞ ուսումնասիրել այդ դեպքերը, թե՞ ոչ և հիշեցնում է, որ դեռ 2011 թվականին էին գերմանացի գործիչները և իրավապաշտպաններն Էրդողանին մեղադրում ռազմական հանցագործությունների մեջ, սակայն այն ժամանակ որևէ բան չարվեց, քանի որ վարչապետ Էրդողանն անսահմանափակ քաղաքական իմունիտետ ուներ:
2015 թվականին թուրքական իշխանությունների և Քրդական աշխատավորական կուսակցության միջև մարտական գործողությունների վերսկսումից հետո զոհվել է մոտ 500 թուրք զինծառայող և ոստիկան: Իսկ ինչ վերաբերում է քրդական կողմի կորուստներին, եթե հավատանք թուրքական իշխանություններին, ապա նրանց թիվը հասնում է մոտ 5 հազարի: Սակայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը պնդում է, որ հակաահաբեկչական օպերացիաների ժամանակ զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ: