Երեքշաբթի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում երկու հուժկու պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է CNN-ը, ահաբեկչության արդյունքում կա 32 զոհ: Իր հերթին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղան հայտնել է 31 զոհի մասին, գրում է Associated Press-ը:
CNN-ը նաև հայտնում է, որ ահաբեկչության արդյունքում տուժածների թիվը հասնում է 147-ի:
Մինչև այս պահը զոհերի թվի մասին հստակ բան չի ասվում, սակայն որոշ տեղեկություններով, նրանց թիվը հասնում է 36-ի:
Ավելի վաղ Sky News-ը, հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկին, հայտնում էր 50 զոհի մասին:
Իսկ մինչ այդ թուրքական իշխանություններն արդեն հասցրել են կատարվածի մեջ մեղադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Մասնավորապես Թուրքիայի վարչապետ Բինալ Յիլդիրիմը հայտարարել է, որ ԻՊ-ն այս ահաբեկչությունը կազմակերպեց հենց այն պահին, երբ երկիրը փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի և Իսրայելի հետ:
Նա նաև նշել է, որ զոհերի թիվը հասնում է 32-ի, իսկ վիրավորների՝ 147-ի, որոնց թվում նաև արտասահմանցիներ կան:
Ահաբեկչության զոհերի մեջ, նախնական տեղեկություներով, հայեր չկան, այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զոհերի մեջ կա մեկ ուկրաինացի, իսկ վիրավորների մեջ մեկ ռուս: Հարկ է նշել, որ սրանք նախնական տեղեկություններ են:
Հավելենք, որ ԱՄՆ-ն իր օգնությունն է առաջարկել Թուրքիային ահաբեկչությունը բացահայտելու գործում: Նման քայլով Անկարային դիմել է նաև Բրյուսելը:
Ահաբեկչության զոհերից 27-ի ինքնությունն արդեն ճանաչել են: