«Հրապարակի» տեղեկություններով՝ քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը շրջապատել են մոտ չորս տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Նրանք պահանջել են Գասպարյանի որդուն, ապա խուզարկել են տունը` առանց համապատասխան փաստաթղթղեր ներկայացնելու: Իրարանցումը տեսնելով` հավաքվել են, հասել համագյուղացիները, երբ իրավիճակը թեժացել է, քաղաքացիական հագուստով մարդիկ վերջում արդեն ներկայացել են, որ իրենք Երեւանի քննչական վարչությունից են: Առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու՝ ասել են, թե եկել են որդու հետեւից, քանի որ համապատասխան սանկցիայի որոշում ունեն: «Հրապարակի» տեղեկությունը հաստատեց Ռուստամ Գասպարյանը. «Տեսնեմ՝ 40 հոգի շրջապատել են, դուռը համարյա պոկում էին, ներս են մտել ու տղայիս են պահանջում, հատ-հատ սենյակները, անգամ պահարանների մեջ ստուգեցին, վերջը ստուգեցին, տեսան` տանը չէ: Ասում եմ` ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում, ասում են` հիմա սպասում ենք ուժերի»: Գասպարյանն ասաց, թե մինչեւ վերջ չի հասկացել` ովքեր են ու ինչ են ուզում: Միայն վերջում են ներկայացել, որ իբր Երեւանի քննչական վարչությունից են եւ ասել, որ իր տղան ներկայանա բաժին:
Նյութի աղբյուրը ` hraparak.am