«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա մեր տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ:
Նրա բերած հիմնական փաստարկներն այն են, որ վերջին երկու տարիներին հաստատված աշխարհաքաղաքական պայմաններում, միևնույն է, Հայաստանի տնտեսության վիճակը վատ էր լինելու:
«Որովհետև այն ազդեցությունը, որն ունի տնտեսական գործոնը, մասնավորապես էներգակրի գների նվազումը, դրա հետ կապված ԵՏՄ-ում բնակչության եկամուտների նվազումը եւ մնացած գործոնները՝ փոխանցումների նվազումները, անկախ նրանից՝ լինեինք ԵՏՄ-ում, թե ոչ, ազդելու էր Հայաստանի տնտեսության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, այդ ազդեցությունը թուլացել է»,- ասել է Գաբրիելյանը:
Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ ԵՏՄ-ի անդամակցությունը դեռ քննարկվում էր, ՀՀ իշխանությունները միաբերան պնդում էին, որ այդ քայլը մեր տնտեսությանը զարգացման մեծ խթան է տալու: Այն ժամանակ, թերեւս, նույն Վաչե Գաբրիելյանը դիտմամբ կամ պատահմամբ մոռացել էր էներգակիրների գների նվազման եւ դրա արդյունքում Ռուսաստանի բնակչության եկամուտների նվազման մասին: Բայց անգամ այս պայմաններում գործող իշխանությունները փորձում են արդարանալ, թե իբր, միեւնույն է, միանայինք-չմիանայինք, վիճակը վատ էր լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում