ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Բաքվում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոն պետք է փոխվի, դա պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով:
Նշենք, որ Շթայնմայերը Բաքու է մեկնել Երևանից, իսկ Բաքվից մեկնելու է Թբիլիսի:
«Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոն չպետք է պահպանվի այն տեսքով, որով կա հիմա: Այն պետք է բանակցությունների միջոցով փոխվի: Մենք պետք է ուղիներ փնտրենք հակամարտության կարգավորման համար: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ հակամարտությունը զոհերի է բերում: Կողմերը պետք է հասկանան, որ հակամարտությունը կարգավորվելու է խաղաղ ճանապարհով: ԵԱՀԿ-ն կօգտվի բոլոր հնարավորություններից, խաղաղության համար հիմքեր ստեղծելու նպատակով: Ադրբեջանը և Հայաստանը պետք է ջանան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,-ԵԱՀԿ գործող նախագահի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: