Գրող և դրամատուրգ Հերանդ Մարգարյանը ձեռնամուխ է եղել գրելու Հայոց ցեղասպանության զոհ դարձած 13 ականավոր հայ գրողների մասին: Նոր ժողովածուն կոչվում է «1915-1922թթ. նահատակված հայ գրողները», – տեղեկացնում է The Armenian Weekly պարբերականը, փոխանցում է armeniangenocide100.org-ը:
2015-ի սկզբին լույս տեսած գիրքը սկսվում է հայոց պատմության նախաբանով, որում հատուկ տեղ են գրավում Օսմանյան կայսրության հայերը և Օսմանյան հայ գրականությունը: Ապա Մարգարյանն ընթերցողին է ներկայացնում Հայոց ցեղասպանության հակիրճ պատմությունը, որը մեզ է հասել ականատեսների վկայությունների և Հոգեշնորհ Տեր Գրիգորիս Բալաքյանի հուշագրությունների շնորհիվ: Մարգարյանն առանձին տեղ է հատկացնում նաև այն բանտերին, որտեղ Կոնստանդնուպոլսից ուղարկում, իսկ ապրիլի 24-ից՝ սպանում էին հայ գրողներին և մտավորականներին:
Հաջորդիվ Մարգարյանը ներկայացնում է նահատակված 13 գրողների (Ռուբեն Զարդարյանի, Գեղամ Բարսեղյանի, Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան), Հրանդի (Մելքոն Կյուրճյան) և Դանիել Վարուժանի և այլոց) համապարփակ կենսագրութունները և պատմում նրանց գրական առանձնակատկությունների և ձեռքբերումների մասին: Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Ինտրայի (Տիրան Ճրագյան) վերջին ժամերը մանրամասն նկարագված են ականատեսներ Միքայել Շամդանջյանի և Օհան Բեդիկյանի հուշերում:
Կարևոր է նաև գրողների աշխատանքների թարգմանությունը: Հեղինակը թարգմանել է խնամքով ընտրված և ընդգրկուն գրական ոճով և ժանրերով ստեղծագործությունները՝ սկսած դրամաներից (Սմբատ Բյուրատի «Ավարայրի արծիվը») մինչև բանաստեղծություններ (Սիամանթոյի «Պարը»), ինչպես նաև գեղարվեստական (Գրիգոր Զոհրապի «Պատասխանատվության բեռը») և ոչ գեղարվեստական (Հրանտի՝ «Պանդուխտի Կեանքէն») աշխատությունները: