Այսօր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման ծառայության նախկին աշխատակիցները հավաքվել էին նախագահական նստավայրի առջեւ և պահանջում էին իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկի գումարները։
Աշխատակիցների պահանջն այն է, որ նախագահը մի հրաման տա, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ գումարները:
«Բոլորս էլ մի հալի ենք, պարտքերի տակ ենք, պահանջում ենք, որ մեր վերջնահաշիվը տան, որ տանենք էդ մարդկանց փողերը տանք։ Մի հոգի նախագահականից մոտեցավ, բայց չներկայացավ, հարցրեց՝ երեկ գնացե՞լ եք թաղապետարան, ու թողեց, գնաց»,-ասաց հավաքվածներից մեկը։
«Կենտրոն մաքրություն» լուծարված ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները հույս ունեն, որ այս կերպ հնարավոր է՝ լուծվի իրենց աշխատավարձերի խնդիրը, չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ բողոքի ակցիաներ ապարդյուն են անցել:
«Վերջին վարյանտ էդ ա մնում։ Գնում ենք տուն, երեխեքն են մեզնից հաց ուզում, մենք էլ գալիս ենք, նախագահից ենք հաց ուզում»,- ասաց նախկին աշխատակիցներից մեկը։
Նշենք, որ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի լուծարումից հետո աշխատակիցները ստիպել են եղել ազատման դիմումներ գրել, սակայն վերջնահաշվարկ այդպես էլ չի կատարվել: Աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկը եւ մեկ ամսվա աշխատավարձի կեսը ստանալու պահանջով մինչեւ այս բազմաթիվ բողոքի ակցիաներ են արել նախագահական նստավայրի եւ քաղաքապետարանի մոտ: