«168 ժամ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով եւ համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին:
Դաշինք ՀՀԿ-ն կազմելու է ոչ թե պաշտոնապես իշխանական կոալիցիայում դաշինքի մեջ գտնվող ՀՅԴ-ի, այլ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ: Այս տեղեկությունը միանգամից մի քանի սենսացիաներ է պարունակում: Նախ՝ պարզվում է, որ Հայաստանում Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն կա: Խոսքն այն կուսակցության մասին է, որի ղեկավարը ներկայումս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ փոխնախարարներից մեկի՝ հայր, մյուսի՝ կնոջ հայր Խոսրով Հարությունյանն է:
Այս տեղեկատվության մյուս սենսացիոն բաղադրիչն այն է, որ իշխող ՀՀԿ-ն, որ աջ ու ձախ հայտարարում է, թե վստահ, համոզված, երաշխավորված, անկասկած է, որ հաղթելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, դաշինք է կազմում մի կուսակցության հետ, որի ղեկավարը եւ, ամենայն հավանականությամբ, միակ իրական անդամը պատգամավոր է դարձել այլ կուսակցության ցուցակով: Ընդհանրապես, նախընտրական դաշինքներ կազմվում են այն դեպքում, երբ դաշինքի անդամ կուսակցությունները վստահ չեն, որ միայնակ մասնակցելու դեպքում կարող են հաղթահարել ընտրական նվազագույն շեմը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում