Հասարակություն 

Ադրբեջանին վաճառած ռուսական զենքը, բնականաբար, անհրաժեշտ պահին կրակելու է հայկական ուղղությամբ. Լյուդմիլա Սարգսյան

Այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբջանին զենք վաճառելու թեմային, ասաց, որ Հայաստնը չի կարող որևէ կերպ ազդել այդ գործընթացի վրա. «Դա մեծ քաղաքականություն է, բիզնես շահեր: Ռուսաստանը զենք արտադրող երկիր է և բնականաբար նա զենքի միջոցով փորձում է նաև իր ազդեցությունը պահպանել այս կամ այն տարածաշրջանում»:

Տիկին Սարգսյանի խոսքերով, բնական է, որ մեզ համար դա ցանկալի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք գերտերության հետ, որն ունի իր կոնկրետ շահերը և բավարարված չէ միայն Հայաստանի հետ բարեկամությամբ. «Միանշանակ Ռուսաստանը Ադրբեջանում շահեր ունի, որոնք պահպանելու համար շարունակելու է զենք վաճառել այդ երկրին, իսկ այդ զենքը անհրաժեշտ պահին կրակելու է հայկական ուղղությամբ»:

Ասուլիսի մյուս բանախոս նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքերով էլ, Ռուսաստանը Հայաստանին լիարժեք գործընկեր չի համարում, իսկ Ադրբեջանի նկատմամբ ունի պարտավորվածություններ և այլն: Բացի դրանից, նա նշեց, որ թշնամուն զենք վաճառելով` Ռուսաստանն արյունով թաթախում է իր հացը:

Ինչ վերաբերում է  դրան, թե ինչ պետք է անի հայկական կողմը, Արշակյանն ասաց, որ մենք կարող ենք ունենալ ռազմաարդյունաբերական համալիր, արտադրել մրցունակ զենք և այլն:

Նույն շարքից