Այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով Կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին, ասաց, թե ոլորտի աշխատողներից իրեն խոսակցություններ են հասել, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքները ուշանում են և ցանկացավ իմանալ՝ որոնք են դրա պատճառները. «Խոսակցություններ են հասնում, որ աշխատանքներ իրականացնող իսպանական ընկերությունը չարիք է այս գործում, որ ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ, փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»:
Փոխնախարարն ասաց, որ աշխատանքային հստակ ժամանակացույց կա և նախարարությունն ուսումնասիրություններ է արել, իսկ իրավիճակը հսկողության տակ է: